Որոնողական աշխատանքների ընթացքում Հադրութի շրջանի Վարդաշատ գյուղում գտնված կնոջ մարմինը բարձր հավանականությամբ Նինա Դավիթյանն է: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ հավելելով, որ ինքնությունը վերջնականորեն կհաստատվի ԴՆԹ անալիզի արդյունքներով:
«Նինա տատիկը 80 տարեկան էր, ով իր ամուսնու՝ Դավիթ Դավիթյանի հետ մնացել էր Վարդաշատ գյուղի իր տանը և սպանվել ադրբեջանական զինծառայողների կողմից: Փորձաքննության նախնական տվյալներով՝ մարմնի կրծքավանդակին և աջ ձեռքին առկա են հրազենային վնասվածքներ, իսկ գլխի որոշ ոսկորներ ջախջախված են, ինչը կարող է լինել կա՛մ հրազենային, կա՛մ կոշտ առարկայի հարվածի հետևանք:
Նշեմ, որ ամուսնու ճակատագրի մասին որևէ տեղեկություն դեռ չկա»,-հայտնել է Բեգլարյանը:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների, ինչպես նաև Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն, ս. թ. նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են Կենտրոնական ռազմական օկրուգի 15 առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: