Այսօր մամուլի ասուլիս էին հրավիրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանն ու Նազենի Բաղդասարյանը, որոնք օրերս գտնվում էին Արցախում՝ տեղում պարզելու թե ինչ է կատարվում Խծաբերդ, Հին Շեն և Նոր Շեն համայնքներում։ Ինչպես հայտնի է, տեղեկություններ էին տարածվել, որ այս համայնքներում շրջափակման մեջ էին հայտնվել ու գերեվարվել Շիրակի մարզի տասնյակ կամավորականներ։ Պատգամավորներն այնտեղ հանդիպումներ են ունեցել Արցախի պաշտոնատար անձանց հետ, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավար Մուրադովի հետ։ Ինչպես նշեցին պատգամավորները, Մուրադովն իրենց վստահեցրել է, որ գերեվարվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում, և 62 գերիները շուտով կվերադառնան հայրենիք։ Պատգամավորները նաև հավաստիացրին, որ հայրենիք կվերադառնան բոլո՛ր գերեվարվածները։ Գերիների վերադարձման հետ կապված նրանք այս շաբաթավերջին կրկին կմեկնեն Արցախ։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք այսօր կա՞ ստույգ տվյալ, թե ադրբեջանական կողմում քանի զինվոր ունենք, Բաղդասարյանը հայտնեց, որ իրենք միայն Խծաբերդից գերեվարվածների թիվն են հստակեցրել՝ 62 հոգի, սակայն նրանց անունները դեռևս նույնականացված չեն։
Մանրամասները՝ տեսանյութում․