Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հայտնում են Կրեմլի պաշտոնական կայքից, հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ եւ Ֆրանսիայի նախագահներն անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակին
Պուտինն ընդգծել է, որ իրավիճակը տարածաշրջանում կայունանում է։
«Հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Ռուսաստանի նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում իրավիճակը կայունանում է, իսկ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունները, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում են: Նշվել է ռուս խաղաղապահների հաջող աշխատանքը, որոնք Բաքվի և Երևանի խնդրանքով ապահովում են հրադադարի ռեժիմը և քաղաքացիական բնակչության անվտանգությունը»,- ասված է հաղորդագրության մեջ, որտեղ նշվում է նաև, որ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման տարբեր ասպեկտների, մասնավորապես ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում համակարգման շարունակման փոխադարձ պատրաստակամությունը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: