ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է երեկ ուշ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեղեկություններին, թե Հադրութի Տող գյուղի մոտակայքում (ադրբեջանական ձևակերպմամբ՝ «Խոջավենդի շրջանի Աղդամ (Հակակու) գյուղ») հայ և ադրբեջանցի զինվորականների միջև վերսկսել են զինված մարտեր:
Նշենք, որ ադրբեջանական աղբյուրները հաղորդել են նաև զոհերի և վիրավորների մասին: Ավելի ուշ նույնը հայտարարել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը դիտարկմամբ արձանագրել է, որ դեկտեմբերի 28-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում իրանական «MiranPress» տելեգրամյան ալիքը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ Հադրութի շրջանում մարտեր են տեղի ունեցել ոչ թե Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև, այլ ադրբեջանցի զինծառայողներն են կրակել միմյանց վրա ու այդ կրակոցների հետևանքով ունեն երեք զոհ:
Թաթոյանը հատուկ զգուշացրել է, որ հետպատերազմական շրջանում զինված բախման տանող որևէ սադրանք կամ դրանց վերաբերյալ արված որևէ հայտարարություն չի կարող խաթարել գերիների վերադարձի և զոհվածների մարմինների փոխանակման գործընթացը:
ՄԻՊ-ն իր այս արձանագրումները իր ստորագրությամբ հասցեական սկզբունքով կուղարկի միջազգային մարմիններին՝ յուրաքանչյուրին առանձին ստորագրությամբ: