Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակում են տեղանքի ինժեներական հետախուզության և ականազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Աշխատանանքների ընթացքում մաքրվել է շուրջ 400 հա տարածք, 151 կմ ճանապարհ, դիտարկվել է 617 շենք, որոնցից 22-ը սոցիալական նշանակության են: Հայտնաբերվել և ոչնչացվել են պայթուցիկ սարքեր: Հայտնաբերվել է ավելի քան 16 հազար պայթուցիկ օբյեկտ», –ասվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ն հայտնում է նաև, որ պայթուցիկ առարկաները ոչնչացվում են հատուկ սարքավորված աղբանոցում: Զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անհրաժեշտ բոլոր անվտանգության միջոցներով:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ հայտարարության համաձայն՝ նոյեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղում հաստատվեց հրադադար: Այնտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահները, որոնք ապահովում են քաղաքացիների անվտանգ վերադարձն իրենց մշտական բնակության վայրեր, տրամադրում են մարդասիրական օգնություն և վերականգնում քաղաքացիական ու ինժեներական ենթակառուցվածքները: