Ստեփանակերտի օդանավակայանի բացմանը հաշված օրեր են մնացել։ Ըստ 168․am-ի ռուսական աղբյուրների՝ ակնկալվում է, որ օդակայանը շահագործման կհանձնվի հունվարի առաջին կեսին, որի համար արդեն ռուսական սակրավորների կողմից «Ուրան-6» բազմաֆունկցիոնալ ռոբոտային համալիրի կիրառմամբ ավարտին են հասցվել տեղանքի և դրա հարակից թաղամասերի անվտանգության համար անհրաժեշտ ականազերծման, ինժեներահետախուզական և տեխնիկական բոլոր աշխատանքները։
Սակայն, բացի հարցի տեխնիկական բաղադրիչից, կա նաև քաղաքական բաղադրիչ՝ Բաքվի հակազդեցությունը, որը վերջին տարիներին թույլ չէր տալիս բացել օդանավակայանը, թեև այն տեխնիկապես պատրաստ էր «աշխատել» դեռ վերակառուցումից հետո՝ 2012 թվականից։
Հիշեցնենք, որ Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թվականին: 1990-ական թվականներին այն ծառայել է հիմնականում ռազմական կարիքների համար, որից հետո քաղաքական տարաձայնությունների պատճառով մինչ օրս չի շահագործվել։
168․am-ի աղբյուրների փոխանցմամբ, սկզբնական շրջանում այն առավելապես կլինի Արցախում ռուսական կոնտինգենտին ծառայող ռազմակայան, սակայն սպասվում են նաև քաղաքացիական չվերթներ, որոնք կխորացնեն Ստեփանակերտ-Մոսկվա քաղաքական-հասարակական կապը։ Այս ուղղությամբ, լրատվամիջոցին փոխանցված տեղեկատվության համաձայն, ռուսական կողմը Ղարաբաղում աշխատել է կոնտինգենտի հաստատման հենց սկզբից՝ օդանավակայանի տարածքում: