Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 5-ին ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին նշված է Արցախի նախագահի պաշտոնական կայքում:
«Քննարկվել են պատերազմի հետևանքով անօթևան մնացած և ՀՀ տարածքում ժամանակավոր ապաստան գտած Արցախի բնակիչների սոցիալական խնդիրների լուծմանը վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարն ընդգծել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ համատեղ ջանքերով կհաջողվի արցախցիների համար ձևավորել ապահով սոցիալական միջավայր:
Նախարար Մեսրոպ Առաքելյանը Հանրապետության նախագահին վստահեցրել է, որ արցախահայությանն աջակցելը մնում է իր ղեկավարած գերատեսչության առաջնահերթություններից, և ՀՀ կառավարությունը նախատեսում է այդ նպատակով առաջիկայում գործարկել նոր ծրագրեր »,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները նոյեմբերի 9-ին ստորագրել են եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, որի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ կորցրել են իրենց տունն ու անօթևան են մնացել: