Կարող եմ միանշանակ պնդել, որ որևէ արտառոց դեպք տեղի չի ունեցել: Կրակոցները հիմնականում դեպի օդ են եղել: ՊԲ դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Եվ մտահոգվելու, առավել ևս՝ խուճապի որևէ առիթ չկա: Մանավանդ, որ այսօր Ադրբեջանի օկուպացված տարածքներում բնականոն կերպով շարունակվում են մեր անհայտ կորած անձանց ու դիերի որոնողական աշխատանքները: Armenia Today-ին այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը՝ անդրադառնալով այսօր գիշերը տարածված տեղեկությանը, ըստ որի՝ անկանոն կրակոցներ են լսվել Շուշիի շրջանում, Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են բացել նաև Արցախի Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ։
«Մեզ համար մտահոգիչ է նման չստուգված աղբյուրներից ինֆորմացիաների տարածումը, որովհետև դրանք խանգարում են բնականոն կյանքին ու խուճապ են առաջացնում՝ հաշվի առնելով, որ առանց այդ էլ հասարակության մոտ առկա է լարվածություն: Ես ուզում եմ ձեր լրատվամիջոցի միջոցով հորդորել մեր հանրությանը հետևել միայն ու միայն պաշտոնական տեղեկատվությանը: Եթե անհանգստացնող որևէ խնդիր լինի, մեր ՊԲ-ն, ինչպես նաև համապատասխան ծառայություններն արագ արձագանքելու են: Այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա. թե՛ ՊԲ-ն, թե՛ Արցախում գտնվող ռուս խաղաղապահ զորակազմը բնականոն կերպով, առանց որևէ խնդրի ու խոչընդոտների շարունակում են իրականացնել իրենց ծառայությունը»,-ասաց նա:
Հաշվի առնելով բացառապես պաշտոնական հայտարարություններին հետևելու հորդորը՝ Վահրամ Պողոսյանի հետ զրույցում նկատեցինք, որ վերոնշյալ տեղեկությունից բավական երկար ժամանակ է անցել, բայց պաշտոնական մակարդակով որևէ հայտարարութուն չի հնչել: Նաև նշեցինք, որ ժամեր շարունակ պաշտոնական մարմինների հետ անգամ կապ հաստատելու խնդիր կար:
Արձագանքելով՝ Վ. Պողոսյանը նշեց. «Գիտե՞ք՝ խնդիրը որն է. եթե մենք շարունակենք յուրաքանչյուր ոչ պաշտոնական աղբյուրի արձագանքել, մենք բան ու գործ պետք է թողնենք ու զբաղվենք միայն նրանով, թե ինչ դրեց Facebook-ի այս կամ այն օգտատերը կամ այսինչ նախագիծը ինչ լուր հրապարակեց: Դուք, իհարկե, այդ առումով ճիշտ եք ասում, համաձայն եմ, բայց ես այլ օպերատիվության մասին եմ խոսում: Եթե իրականում որևէ արտառոց խնդիր լինի՝ կապված թշնամու հետ, և կոնկրետ վտանգ ներկայացնի մեր հասարակության, Արցախի որևէ բնակավայրի համար, այդ դեպքում օպերատիվ արձագանք լինելու է: Այս առումով եմ ուզում շեշտել՝ բնակչությունը թող հանգիստ լինի ու թող շարունակի իր բնականոն աշխատանքը»:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության համաձայն՝ այս տարվա նոյեմբերի 10-ին՝ Մոսկվայի ժամանակով 00:00-ից հաստատվել է հրադադար, և Արցախում տեղակայվել է ռուսական խաղաղապահ զորախումբը: Հավելենք նաև, որ պատերազմից տուժած տարածքներում ռուս խաղաղապահների օգնությամբ շարունակվում է կենսական նշանակության ենթակառուցվածքների վերականգնումը: