ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը «Интерфакс» գործակալությանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳՆ այն հայտարարությունը, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Արցախ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պարտավորությունների խախտում է:
«Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որն ուղղված է հրադադարի ռեժիմի հաստատմանը և ռուս խաղաղապահների տեղակայմանը, չի կարգավորում որևէ համաձայնագիր Արցախի կարգավիճակի վերաբերյալ:
Եվ այս տեսանկյունից, Արցախի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ որևէ հայտարարություն չի համապատասխանում իրականությանը:
Արցախի կարգավիճակը պետք է որոշվի խաղաղ գործընթացի արդյունքում՝ հիմնված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների վրա, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա»,- ընդգծել է Աննա Նաղդալյանը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ՀՀ ԱԳՆ Արա Այվազյանի այցը Արցախ որակել էր Եռակողմ հայտարարության խախտում: