Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Այս մասին ասված Է ՌԴ պաշտպանության նախարարության հունվարի 8-ի տեղեկագրում։
ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 225 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
2020թ. նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել, ընդհանուր առմամբ, 48 059 մարդ:
Տեղեկացնում են նաև, որ ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից Արցախում, ընդհանուր առմամբ, ականազերծվել է ավելի քան 414,6 հեկտար տարածք, շուրջ 164,8 կմ ճանապարհ, 617 շինություն, որոնցից 22-ը սոցիալիական նշանակության օբյեկտներ են: Հայտնաբերվել և վնասազերծվել է շուրջ 22 542 հազար պայթուցիկ առարկա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: