Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքի 182 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ քաղաքացիների տեղափումը կազմակերպվում է Երևանից: Նրանց ավտոբուսներով ուղեկցում են Ստեփանակերտ: ՌԴ ՊՆ-ն փոխանցում է, որ մինչ օրս Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել, ընդհանուր առմամբ, 48 հազար 241 փախստական։
Գերատեսչությունը հայտնում է նաև, որ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա դիտարկում և հսկողություն է իրականացվում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: