Մեկ օրում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 218 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղ նախկին բնակության վայր է վերադարձել 48 459 մարդ։ Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Լեռնային Ղարաբաղում (2020թ. նոյեմբերի 23-ից) ականազերծման ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 479,2 հա տարածք, 182,8 կմ ճանապարհ, 710 շենք-շինություն, այդ թվում՝ 22 սոցիալական նշանակության, հայտնաբերվել և վնասազերծվել է 23 087 պայթուցիկ առարկա:
Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի 1 218 բնակիչի, այդ թվում՝ 155 երեխայի։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասնակիցների, անհետ կորած անձանց մասին տեղեկությունների հավաքագրման թեժ գծին մինչև օրս ստացվել է 574 դիմում: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:
Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: