Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումն ավարտվել է։
Բանակցությունների արդյունքների շուրջ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը հանդես են գալիս ճեպազրույցով։
ՀՀ վարչապետը ցավով նշել է, որ այսօր ռազմագերիների հարցը չի հաջողվել լուծել:
Ռազմագերիների հետ կապված հարցը Փաշինյանը համարում է ամենազգայուն ու ցավոտ հարցը։
Նա նշել է, որ կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ բանակցություններն ընթացել են շուրջ 4 ժամ։
Հիշեցնենք, որ Ալիևն ու Փաշինյանը Մոսկվա են ժամանել այսօր առավոտյան։ Ինչպես հաղորդել Է ՌԴ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը, հանդիպումը որոշվել է անցկացնել Պուտինի նախաձեռնությամբ:
Հիշեցնենք նաև, որ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը երեկ տեղեկացրել է, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը, այդ թվում՝ Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից դեպի Սյունիքի մարզ: «Հայկական կողմի համար, սակայն, անկյունաքարային և սկզբունքային է գերիների վերադարձի, ադրբեջանցիների թիկունքում մնացած մեր զինվորների որոնողափրկարարական աշխատանքների, զոհվածների մարմինների հայտնաբերման, անհետ կորածների ճակատագիրը պարզելու խնդիրը: Առանց այս հարցերի լուծման կամ էական առաջընթացի չափազանց դժվար կլինի տնտեսական օրակարգի արդյունավետ քննարկումը և հայկական կողմը այս խնդրի քննարկումը համարում է մոսկովյան հանդիպման առանցքային թեմաներից մեկը»,- հայտնել էր Մանե Գևորգյանը: