Վերջին մեկ օրում Հայաստանից Արցախ է վերադարձել 146 մարդ։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ընդհանուր առմամբ, մշտական բնակության վայր է վերադարձել 48 840 փախստական»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ արցախցիները վերադառնում են խաղաղապահների ուղեկցությամբ։
Ռուս ականզերծողները Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 23-ից 517,8 հա տարածք, 1972,8 կմ ճանապարհ, 750 շինություն են մաքրել, այդ թվում՝ 24 քաղաքացիական նշանակության օբյեկտներ, հայտնաբերել և ոչնչացման համար տարհանել են 23 404 պայթունավտանգ առարկա։
Ռուսական խաղաղապահ զորախումբը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ շարունակում է մարտական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը:
Անհետ կորածների մասին տեղեկություններ հավաքելու նպատակով գործարկված «Թեժ գծին» 575 դիմում է ստացվել։ Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին։
Ռուս ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել ընդհանուր առմամբ 1238 բնակչի, այդ թվում՝ 157 երեխայի։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի բոլոր գործողությունները կատարվում են կորոնավիրուսային վարակի տարածումը թույլ չտալու միջոցառումների պահպանմամբ:
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված պայմանավորվածությունների համաձայն՝ նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից հայտարարվել է Լեռնային Ղարաբաղում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում:
Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման և ռազմական գործողությունների վերահսկման համար տեղակայված է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը:
Ռուսական զորակազմի հիմքը կազմում են ՌԴ Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի (խաղաղապահ) ստորաբաժանումները: