Ապագա բանակցություններում Արցախի կարգավիճակի հարցը գլխավորներից մեկը պետք է լինի, քանի որ մեզ համար նախընտրելի կարգավիճակը լրացուցիչ անվտանգության երաշխիքներ է ստեղծելու։ Այս մասին նշել է ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին։
Նա նշեց, որ բանակցություններում, երբ Մադրիդյան սկզբունքները տարբեր փուլերով զարգացան, երեք հիմնական սկզբունք էր առանձնացվում՝ ժողովուրդների ինքորոշման իրավունքը, պետությունների տարածքային ամբողջականության և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիության սկզբունքները:
«Այս սկզբունքներից 2-րդը և 3-րդը ժամանակավրեպ են, քանի որ Ադրբեջանը միջազգային դիտանկյունից արդեն տարածքային ամբողջականության խնդիր չունի և ուժի ու ուժի սպառնալիքի կիրառման խնդիրը չկա, քանի որ Ադրբեջանը բացահայտորեն արհամարհել է այս սկզբունքը:
Մնացել է մի սկզբունք. դա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքն է, հետևաբար, սա էլ պետք է իրացվի, և ԱՀ և ՀՀ պատկան մարմինների կողմից այս հարցը պետք է տարբեր հարթակներում բարձրացվի, և մենք պետք է հասնենք այս սկզբունքի վերջնական իրացման»,- նշեց արցախցի գործիչը: