Ռուսաստանի Դաշնության ԱԻՆ մասնագետները Լեռնային Ղարաբաղի քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ շարունակում են բնակելի ֆոնդի ու սոցիալական ենթակառուցվածքների օբյեկտների տեղազննման աշխատանքները։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԻՆ-ը։
«Ռուսաստանից որպես մարդասիրական օգնություն ստացած շինարարական նյութերի օգտագործմամբ արդեն ավելի քան 300 շինություն է վերականգնվել։ Ավելի քան 450 շինություն դեռ վերականգնման փուլում է։ Այսօր գերատեսչության մասնագետներն այցելել ու ստուգել են տասը շինության վերականգնման աշխատանքները։ Հիմնական մասը մասնավոր տներ են։ Աշխատանքներում ներգրավված է ավելի քան 90 շինարարական կազմակերպություն»,-ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, գյուղեր Ասկերանի ու Մարտունու, Մարտակերտի շրջաններից։