Գյուղի իր տան այգում 58-ամյա կնոջ մարմին է հայտնաբերվել Քարին Տակում։ Այս մասին Armenia Today-ին հայտնեց ԱԻՊԾ մամուլի խոսնակ Հունան Թադևոսյանը։
Նա նշեց, որ երեկ Արցախի ԱԻ պետական ծառայության որոնողական ջոկատները հայտնաբերել են միայն մեկ քաղաքացիական անձի դի։
Կինն իր տան այգում պատսպարված է եղել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն մահվան պատճառն իմանալու համար, հարազատները դին ճանաչել են։
«Հայտնաբերվածը 1963 թվականին ծնված Ալվարդ Թովմասյանն է։ Մյուս ուղղություններից որևէ զինվորականի կամ քաղաքացիական անձի մարմին չի հայտնաբերվել։
Այսօր ԱԻՊԾ որոնողական աշխատանքները կանգնեցված են՝ տեղանքում ադրբեջանցիների որոշակի աշխատանքների հետ կապված»,- հայտնեց Թադևոսյանը։
ԱԻՊԾ խոսնակն ասաց, որ այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չիրականացնելը որևէ կապ չունի նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների հետ։ Պարզապես, հակառակորդը չի ցանկանում, որ իր կատարած աշխատանքների ժամանակ այնտեղ հայեր լինեն։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, հակառակորդի մարտական դիրքից արձակված կրակոցի հետևանքով N զորամասի մարտական դիրքում որովայնի շրջանում հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վարդան Կիրակոսյանը:
Առ այսօր մարտական գործողությունների վայրերում հայտնաբերված զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 1230 է: