Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը նոյեմբերի 4-ին հրավիրվել է առաջին աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունը, որի ժամանակ քննարկվեցին գլխավորապես կազմակերպչական բնույթի հարցեր: Խորհրդակցությանը քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գործող ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ քաղաքապետը ներկաների ուշադրությունն է հրավիրել վերջին երկու շաբաթվա ընթացքում մայրաքաղաքի տարբեր փողոցներ և թաղամասեր կատարած շրջայցերի, ինչպես նաև քաղաքացիների ընդունելությունների ժամանակ քաղաքացիների կողմից բարձրացված հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի վրա` ընդգծելով դրանց՝ հնարավորինս արագ ուսումնասիրման և լուծման անհրաժեշտությունը: Այդ առումով նա հատկապես նշել է ծայրամասային թաղամասերում ճանապարհների բարեկարգման, սանիտարական մաքրման գործի արդյունավետ կազմակերպման, բնակչության ջրամատակարարման խնդրի և փողոցային լուսավորման պատշաճ համակարգման շարունակականությունը, ինչն օրախնդիր պետք է հանդիսանա քաղաքապետարանի ու նրա ենթակա կազմակերպությունների աշխատակիցների համար:
Անդրադառնալով քաղաքապետարանի և բնակիչների փոխհարաբերություններին, Դավիթ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին հորդորել է ժամանակին արձագանքել քաղաքացիների ահազանգերին, նրանց դիմումներին և առաջարկություներին, վերականգնել փոխվստահությունը, հարգանքով և ըմբռնումով մոտենալ նրանց կողմից բարձրացված խնդիրներին: