«Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը»,-Մայրության և գեղեցկության տոնի առիթով հղված իր ուղերձում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առիթով: Այս գեղեցիկ տոնը դիմավորում ենք դժվարությունների, տագնապների, անորոշությունների ժամանակաշրջանում:
Այսօր բազմաթիվ մայրեր, դուստրեր, կանայք, քույրեր՝ իրենց ուսերին կրում են վերահաս ճգնաժամի պատճառով առաջացած տնտեսական, հոգեբանական, կենցաղային դժվարություններ՝ հայտնվելով անսպասելի մարտահրավերների հանդիման»,-նշված է վարչապետի ուղերձում:
Ըստ վարչապետի՝ կառավարությունն այս օրերին ամենօրյա աշխատանքով ջանքեր է գործադրում ճգնաժամի բերած դժվարությունները հաղթահարելու համար և այս պայմաններում մայրությունն ու գեղեցկությունը միայն գորովանքի ու հիացումի առարկա չեն. «Մենք հավատում ենք, որ նաև մայրության ուժն ու գեղեցկության էներգիան են օգնելու հաղթահարել ընթացիկ այս ճգնաժամը: Մայրությունն ու գեղեցկությունը նաև առաջնորդության հատկանիշներ են և մենք այսօր փառաբանում ենք մայրության և գեղեցկության ստեղծարար ուժը, համախմբելու էներգիան, առաջ մղելու հատկությունը:
Վարչապետն ընդգծել է ներկա պայմաններում բժշկական, կրթական, տնտեսական ու հանրային կենսագործունեության ոլորտներում կանանց, մայրերի ներկա դերը։
«Մայրությունը և գեղեցկությունը հաղթանակի խորհրդանիշներ են: Եվ համոզված եմ՝ դժվար օրերի հետ համընկած այս տոնը խորհրդանշում է մեր ապագա հաղթանակները:
Սիրելի՛ մայրեր, դուստրեր, կանայք քույրեր՝ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ,
Սիրում ենք ձեզ, հպարտանում ենք ձեզանով և խոնարհվում ենք ձեր առաջ»,-նշված է ուղերձում։