Այսօր՝ սեպտեմբերի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ուսման վարձի մասնակի փոխատուցման պահանջով կառավարությանը դիմած ուսանողների պահանջին՝ նշելով, որ դիմումը փոխանցվելու է կրթության նախարարությանը՝ դիմումի առաջարկություններն ուսումնասիրելու համար։
«Մենք անպայման կքննարկենք այդ հարցը և եթե անհրաժեշտություն լինի, ինչու չէ, նաև առանձին քննարկում կունենանք այդ ուսանողների հետ»,- ասել է Արայիկ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ բարձրացրել է առաջին կուրսեցիների ուսման վարձերը, ինչն էլ դժգոհությունների պատճառ է հանդիսացել։ Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը, հանդես գալով մամուլի ասուլիսով, նշել է, որ ուսման վարձերը թանկացրել են, քանի որ համալսարանը տուժել է կորոնավիրուսի պատճառով։
Armenia Today-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ վարձավճարների փոփոխություն տեղի է ունեցել միայն ԵՊՀ-ում։ Երևանի պետական համալսարանի լրատվության վարչության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ հին ու նոր վարձաչափերի տարբերությունները սկսվում են 40․000 դրամից, հասնում՝ մինչև 100․000 և ավելիի։ Եթե նախկինում նվազագույն վարձը բուհում 430 000 դրամ էր, այսօր այն դարձել է 500․000 դրամ։