Երևանի մանկական երկաթուղու և Հրազդանի կիրճի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման համար քաղաքապետարանին դեռևս ծրագիր չի ներկայացվել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։
«Մանկական երկաթուղու տարածքի արդիականացման և ընդլայնման վերաբերյալ ներկայացված մի քանի ներդրումային առաջարկներ ուսումնասիրվել են Քաղաքաշինական ամբողջական լուծում պահանջող ծրագրերի քննարկման միջգերատեսչական հանձնաժողովում։ Այդ հանձնաժողովի աշխատանքներին ներգրավված են նաև քաղաքապետարանի ներկայացուցիչները՝ քաղաքապետը, գլխավոր ճարտարապետը և այլն»,- ասաց Կարապետյանը։
Խոսնակը հայտնեց, որ տարածքն ունի վարձակալ, և նա կարող է քաղաքապետարանին ներկայացնել տարածքի բարեկարգման ծրագիր և դրանից հետո քաղաքապետարանը կարող է քննարկել այդ ծրագիրը։
Ճշգրտող հարցին՝ արդյոք նման ծրագիր քաղաքապետարանին ներկայացվե՞լ է՝ Կարապետյանը բացասական պատասխան տվեց։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ Երևանի մանկական երկաթուղու, ինչպես նաև՝ Հրազդանի կիրճի այլ տարածքներում, նպատակահարմար չէ իրականացնել կառուցապատման որևէ աշխատանք, բացի ամրակայման, վերականգնման, վերանորոգման և կանաչապատման աշխատանքներից։