Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում լարվածության մակարդակը նվազել է, և թեև հնարավոր չէ բացառել ռազմական գործողությունների նոր ակտիվացումը, ամենայն հավանականությամբ, կարելի է խոսել այս փուլում իրավիճակի կայունացման մասին։
Այդ պատճառով կարելի է փորձել ամփոփել հուլիսյան ճգնաժամի որոշ առանցքային արդյունքները՝ առանձնացնելով դրա առավել կարևոր ասպեկտներն ու հետևանքները։ Նման գործոնների առաջին բլոկը կապված է սահմանային իրավիճակի սրման պատճառների հետ։ Արդեն հիմա կան մի շարք վարկածներ, այդ թվում՝ դավադրապաշտական ժանրից։
Առանց նման ենթադրությունների՝ առանձնացնենք համակարգային որոշ ասպեկտներ, որոնք կարող էին հանգեցնել հակամարտության վերսկսմանը։ Նախ պետք է նշել այն փակուղին, որտեղ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ գտնվում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս գործոնի առկայությունը գրեթե անխուսափելի է դարձնում շփման գծում և Հայաստանի սահմանին իրավիճակի պարբերական սրումները։
Միևնույն ժամանակ, հուլիսյան ճգնաժամը տեղի ունեցավ ուշագրավ արտատարածաշրջանային գործընթացների ֆոնին, որը կրկին ցույց տվեց Հայաստանի և տարածաշրջանի ինտեգրվածությունը գլոբալ գործընթացներին։ Առաջին հերթին պետք է նշել, որ երկու երկրների սահմանային սրացումը տեղի է ունեցել գլոբալ ծանրագույն համաճարակաբանական և տնտեսական ճգնաժամի պայմաններում։
Նշենք, որ նման բան եղել է նաև 2016-ի ապրիլին, երբ մարտական գործողություններին նախորդել էր Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակի սրումը, որը վերածվել էր զանգվածային բողոքի ակցիաների։ Ճգնաժամի ազդեցությունն այդ երկրի վերնախավին ակնհայտորեն դրդում է ռազմական միջոցների, որոնք կոչված են համախմբել հասարակությանը արտաքին սպառնալիքին դիմակայելու, ինչպես նաև սոցիալական խնդիրներից նրանց շեղելու համար։
Եվս մեկ ասպեկտ էլ կապված է Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա արտատարածաշրջանային աշխարհաքաղաքական գործընթացների հնարավոր ազդեցության հետ։ 2016 թվականի Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ Սիրիայում ռուս-թուրքական հակամարտության ֆոնին։ Նման կերպ 2020 թվականի հուլիսյան ճգնաժամի համար ֆոն է ծառայել Լիբիայում Մոսկվայի և Անկարայի ոչ այդքան ինտենսիվ, բայց բավական լարված մրցակցությունը, որտեղ երկու երկրներն աջակցում են այդ երկրի ներսում առկա տարբեր հակամարտ կողմերին։
Ընդ որում՝ Լիբիական հակամարտությունը ներքաշված է Միջերկրական ծովի էներգետիկ ռեսուրսների, դրանց փոխադրման հնարավոր երթուղիների շուրջ ավելի լայն մրցակցության մեջ։ Նշված մրցակցությունը ներկայումս դարձել Է Եվրամիության էներգաապահովման շուրջ պայքարի կենտրոնական ասպեկտներից մեկը, այսինքն՝ այստեղ գոյություն ունեն Մոսկվայի շահերի համար առանցքային նշանակություն ունեցող խնդիրներ։ Եվ վերջապես, Թուրքիայի և ՌԴ-ի միջև չեն դադարում հակասությունները սիրիական հակամարտության շրջանակներում։
Հուլիսյան ճգնաժամի արդյունքների թվում կարելի է առանձնացնել ռուս-հայկական հարաբերությունների շուրջ ձևավորված իրավիճակը: Ըստ էության, սահմանին տեղի ունեցած միջադեպը կրկին ցույց տվեց, որ դրանցում խնդիրներ կան։ Ռուսական կողմն այդ իրադարձություններն օգտագործեց Հայաստանի իշխանությունների գործողություններից դժգոհության մի շարք ազդակներ Երևանին ուղղելու համար։ Դրա համար օգտագործվեցին ոչ պաշտոնական խողովակները՝ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հայտնի հրապարակման տեսքով, ինչպես նաև դրա համանմանությամբ մի շարք ռուսական ԶԼՄ-ների հրապարակումները։
Միևնույն ժամանակ, հուլիսյան ճգնաժամը ցույց տվեց, որ հայկական կողմի վրա այդ ճնշումը կարող է ուղեկցվել հակամարտության սրման վտանգով, ինչպես նաև տարածաշրջանում Թուրքիայի ակտիվացմամբ։ Այդ պատճառով ռուսական կողմը կարծես թե քայլեր ձեռնարկեց իրավիճակի ապաԷսկալացման և կարգավորման համար։ Միևնույն ժամանակ, նշված հրապարակումների պատմությունը խոսում է Մոսկվայում Հայաստանի գործող իշխանությունների ներքին և արտաքին կուրսը շտկելու ձգտումների պահպանման մասին։
Հուլիսյան ճգնաժամի ևս մեկ ասպեկտն էլ կապված է Հայաստանի և Ադրբեջանի ներքաղաքական գործընթացների հնարավոր հետևանքների հետ: Հայաստանի պարագայում սահմանային հակամարտությունը, համենայնդեպս, այս փուլում ամրապնդեց Հայաստանի գործող իշխանությունների դիրքերը՝ հաշվի առնելով ընդհանուր առմամբ հայկական կողմի համար ռազմական ճգնաժամի հաջողված արդյունքները։ Դա հատկապես կարևոր է գործող ռեժիմի համար՝ հաշվի առնելով կորոնավիուսի համաճարակի ճգնաժամային ժամանակահատվածում երկրի ղեկավարության վարկանիշի վրա դրա հնարավոր բացասական ազդեցությունը։
Հակառակ իրավիճակն Ադրբեջանում է։ Այս առումով 2020 թվականի հուլիսի իրադարձությունները կարող են իրենց տեսակի մեջ դառնալ 2016 թվականի ապրիլի հակառակ տարբերակ։ Ժամանակին Ապրիլյան պատերազմի արդյունքները կտրուկ խարխլեցին Սերժ Սարգսյանի ռեժիմի լեգիտիմությունը Հայաստանում և մեծամասամբ ճանապարհ հարթեցին դեպի 2018 թ.-ի գարուն։
Նման գործընթացը (բնականաբար, հաշվի առնելով ադրբեջանական առանձնահատկությունները) ներկայումս կարող է սպառնալ Իլհամ Ալիևին։ Եվ սա, թերևս, 2020 թվականի հուլիսի իրադարձությունների ամենավտանգավոր արդյունքներից մեկն է, քանի որ ներքաղաքական ճնշումը հետագայում էլ մեծ հավանականությամբ Ադրբեջանի իշխող վարչակարգին մղելու է Հայաստանի և Արցախի հետ սահմանին լարվածության նոր փուլերի։
Դավիթ Հարությունով