Ադրբեջանա-հայկական սահմանին լարվածությունը չի բխում Ադրբեջանի շահերից։ Այս մասին Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի նախագահի օգնական, արտաքին քաղաքականության հարցերով բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը ռուսական “Национальная оборона” ամսագրին տված հարցազրույցում։
«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Ադրբեջանը Հայաստանի հետ պետական սահմանին ոչ մի ռազմական պլան կամ թիրախ չունի։ Ապառազմականացման նպատակով Հայաստանի հետ սահմանի այդ հատվածի պահպանությունը դրվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի վրա։ Ադրբեջանա-հայկական պետական սահմանին լարվածությունը չի համապատասխանում Ադրբեջանի շահերին», – ասել է Հաջիևն իր հարցազրույցում: Նա ընդգծել է, որ երկու երկրների սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի խնդիրը «եղել է պետական սահմանի և խաղաղ բնակչության անվտանգության պաշտպանությունը»:
Հաջիևը ընդգծել է, որ Թովուզի հատվածում ադրբեջանա-հայկական պետական սահմանի ներկայիս էսկալացիան անհրաժեշտ է դիտարկել հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում: «Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունները հետևանք են այդ հակամարտության, զինված ագրեսիայի և Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների 20% – ի օկուպացիայի», – ասել է նա:
Հաջիևի խոսքով՝ Ադրբեջանը հավատարիմ է մնում հայ-ադրբեջանական Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը, սակայն բանակցությունները հանուն բանակցությունների անթույլատրելի են: «Հակամարտության լուծման համար անհրաժեշտ են առարկայական բանակցություններ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայից ազատելու հարցերը քննարկելու նպատակով, այլ ոչ թե նրանց իմիտացիան», – հավելել է նախագահի օգնականը: