ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է հայ զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ Ադրբեջանում հարուցված քրեական գործին:
«Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և ՊԱԾ-ը համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ մոլորված զինծառայող Գուրգեն Ալավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ 5 տարբեր հոդվածներով: Առաջադրված բոլոր մեղադրանքներն անհեթեթություն են, իսկ ծավալված գործընթացը՝ անորակ ավանդական բեմադրություն։
ՀՀ ՊՆ-ն մշտական կապի մեջ է միջազգային կառույցների հետ և շարունակում է ինտենսիվ աշխատել ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է Ստեփանյանը:
ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ սպա Գուրգեն Ալավերդյանը շփոթվել և մոլորվել է եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով՝ օգոստոսի 22-ին ժամը 19:30-ի սահմաններում մարտական հենակետը ստուգելու խնդիրները լուծելիս: ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի Ալավերդյանը ներկայացվում է որպես դիվերսանտ։