ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանում հայտնված հայ սպա Գուրգեն Ալավերդյանի հարցին, ասել է, որ ծառայողական քննության արդյունքում կհասկանանք, թե ինչպես է դա կատարվել․
«Մեր նախնական գնահատականն այն է, որ մեր զինծառայողը մոլորվել է և հայտնվել հակառակորդի կողմում։ Արդյո՞ք մեր զինծառայողը առևանգվել է, թե՛ այլ պայմաններ են եղել՝ պետք է դեռ պարզենք։ Դրանից կախված՝ տարբեր միջազգային կառույցներում տարբեր ձևաչափերով կաշխատենք», – ասել է նա՝ ավելացնելով, որ այս պահին հայկական կողմի պահանջն Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության կողմից հայ սպային այցելելն է։
Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, Տոնոյանը նշեց, որ գոյություն ունեն ստանդարտ պրոցեդուրաներ, որոնցով ցանկացած իշխանություն տեղեկացվում է, զգուշացվում, որ խախտում են կատարել. դրանից հետո արձագանքներ են լինում. «Մենք վստահ ենք, որ և՛ ԵԱՀԿ-ի շրջանակներում, և՛ ԿԽՄԿ շրջանակներում, և՛ ՄԱԿ-ի համապատասխան կառույցները ջանք ու եռանդ չեն խնայում այդ ամենը կատարելու համար:
Բայց կան վերադարձման պայմաններ՝ փոխանակում և այլն: Սակայն այս պահին այդ մասին խոսել չենք կարող: Գլխավորն անվտանգությունն ու առողջ լինելն է»: