Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Զինված ուժերի գործող զինծառայողն արժանանում է Հայաստանի Ազգային հերոսի կոչման։ Այս մասին այսօր Սարդարապատի հուշահամալիրում կայացած Տավուշյան մարտերի հերոսների պարգևատրման պաշտոնական արարողության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա, Ազատամարտի, Զինված ուժերի հետ առնչություն ունեցող մեր բոլոր Ազգային հերոսները պարգևատրվել են հետմահու և պատմության մեջ առաջին անգամն է, երբ Հայաստանի Ազգային հերոս զինվորականը, սպան իր շքանշանը ստանալու է անձամբ:
«Մեր ժողովրդի հաղթական գոյապայքարը խորհրդանշող այս վայրում Ազգային հերոսի կոչումը հավաստող Հայրենիքի շքանշանը կհանձնեմ Հայոց բանակի կապիտան Ռուբեն Սանամյանին, իսկ վաղը նա սովորականի նման ծառայությունը կշարունակի իր զորամասում: Հենց սրանում է այսօրվա իրադարձության ամենակարևոր առանձնահատկությունը: Մեր պատմության մեջ «Մարտական Խաչ» առաջին աստիճանի շքանշանակիրների մեծ մասը պարգևատրվել են հետմահու»,- նշել է ՀՀ վարչապետը:
Վարչապետը իրադարձությունը բացառիկ է համարել նաև նրանով, որ պարգևատրվողներից 24-ը ներկա են միջոցառմանը և շքանշաններն անձամբ են ստանալու, որոշներն էլ ներկա չեն, քանի որ այս պահին էլ իրականացնում են Հայաստանի անվտանգությունն ու սահմանները պաշտպանելու իրենց առաքելությունը:
Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ՝ այս իրադարձությունը վկայությունն է այն բանի, որ մեր ազատամարտի հերոսների գործը կենդանի է:
«Այսօրվա պարգևատրվողների օրինակով հերոսությունը ոչ միայն գերմարդկային ճիգ է, այլև ամենօրյա աշխատանք, ամենօրյա ապրելակերպ, ամենօրյա պատասխանատվություն»,- շեշտել է ՀՀ վարաչպետը:
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշյան հաղթական մարտերի մասնակիցներից 16 զինծառայողների պարգևատրել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողների՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով, իսկ կապիտան Ռուբեն Սանամյանին՝ Ազգային հերոսի կոչումով: