ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ենթակայությամբ կստեղծվի աշխարհազորային ուժերի համալիր։ Աշխարհազորի ստեղծման առաջարկով փոփոխություններ են նախատեսվում պաշտպանության և մունիցիպալ մարմինների մասին մի շարք օրենքներում։
Տարածքային պաշտպանության զորքերի ստեղծումը թույլ կտա ավելի արագ մոբիլիզացնել ուժերը լայնածավալ հակամարտության առաջացման դեպքում, անհրաժեշտ չի լինի զորքերը մեկ ուղղությունից տեղափոխել այլ ուղղություն և հնարավոր կլինի տեղի ստորաբաժանումների ուժերով զսպել հակառակորդի ագրեսիան և խնդիրներ ստեղծել նրա տեղաշարժի համար: Այս մասին Armenia Today-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը։
Ներսիսյանը ճիշտ է համարում այդ զորքերի համալրումը կամավորության սկզբունքով իրականացնելը։ «Պարտադիր հիմունքներով այս նոր ստորաբաժանումների անդամագրումը կլիներ բավականին տարօրինակ, հատկապես առաջին փուլում։ Կարծում եմ, որ դեռևս կարևոր է տեսնել, թե որքան մարդ կցանկանա անդամագրվել, դիտարկել, թե որքան գործունակ և արդյունավետ է ներդրվող համակարգը»:
Պատասխանելով հարցին, թե որքա՞ն արդյունավետ կլինի աշխարհազորի մասին օրինագծով նախատեսված ռազմական և քաղաքացիական կառույցների սերտ փոխգործակցությունը, Ներսիսյանը նշեց, որ այստեղ շատ կարևոր կլինի տեսնել այն դրույթները, թե ինչ են նկատի ունենում հրամանատարության տեսանկյունից։ «Այսինքն՝ խաղաղ ժամանակ, հասկանալի է, տեղական ինքնակառավարման մարմինները զբաղվելու են այդ ստորաբաժանումների մատակարարմամբ, թե արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է գործում, արդյո՞ք ամեն ինչ հաշվառված է։ Բայց ես չեմ կարող պատկերացնել, որ քաղաքացիական անձինք, ասենք օրինակ՝ Երևանի փոխքաղաքապետը, հենց մարտական գործողությունների ժամանակ կարողանա հրամանատարել այդ ստորաբաժանումները։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այդ ստորաբաժանումները նման դեպքում կստանան ՀՀ ԶՈՒ հրամանատարներ և կգործեն արդեն նրանց ղեկավարությամբ»։
Ռազմական վերլուծաբանի կարծիքով՝ ներկայումս պետք չէ այս նոր ստեղծվող ստորաբաժանումները շատ սերտ ինտեգրել ԶՈՒ-երին։ «ՀՀ Զինված ուժերը բավականին մեծ են, հատկապես հաշվի առնելով երկրի բնակչության թվաքանակը և, կարծում եմ, որ այն թվաքանակով, որն այսօր ունի հայաստանյան բանակը, պետք չէ դրանում շատ ուժեղ ինտեգրել այդ նոր ստորաբաժանումները, համենայնդեպս, ներկա փուլում»։ Ըստ Ներսիսյանի՝ այս դեպքում ևս պետք է սպասել և հասկանալ, թե ինչպես է գործում աշխարհազորը, այնուհետև որոշել՝ գնալ ԶՈՒ-ի հետ ավելի խորն ինտեգրմա՞ն, թե՞ ոչ։
Փորձագետը նշեց նաև, որ այդ ուժերը պետք է դառնան այնպիսի կառույց, որն աստիճանաբար կփոխարինի «Երկրապահ»-ին։ «Դրանք պետք է լինեն իսկապես արդյունավետ և գործնականում մաս կազմեն ՀՀ պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի»։
Ինչ վերաբերում է նմանատիպ համակարգեր ունեցող երկրների հետ համեմատությանը, Ներսիսյանը նշեց, որ ՀՀ-ում ներդրվողը, այնուամենայնիվ, պետք է ավելի մոտ լինի իսրայելական մոդելին։ «Օրինակ՝ Սկանդինավյան երկրներում և Շվեյցարիայում գոյություն ունեցող մոդելների դեպքում այս ստորաբաժանումները օգտագործվում են այլ նպատակներով՝ միտված նվազեցնելու պաշտպանական ծախսերը և ավելի քիչ մշտական զորքեր ունենալու: Իսրայելի դեպքում այն ուղղված է առավել արդյունավետ պահուստ ունենալուն, որը շատ արագ հնարավոր է մարտի դաշտ դուրս բերել։ Իհարկե, մեր իրավիճակն ավելի մոտ է Իսրայելին»։