Հայաստանում ժամանակավորապես գտնվող արցախցի դպրոցականների համար ուսումնական գործընթացը կվերսկսվի նոյեմբերի 13-ից։
Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Կարախանյանը։
Նախարարը նաև տեղեկացրեց, որ 5-12-րդ դասարանների աշակերտների համար ուսումնական գործընթացը կկազմակերպվի առցանց:
Նա նշեց, որ դպրոցում երեխային հաշվառելու համար ծնողը պետք է դիմի համայնքապետարան կամ հարակից բնակավայրում գտնվող կրթական հաստատություն: Ընդ որում, ծնողները կարող են դիմել նաև առանց երեխայի փաստաթղթերի։
Կարախանյանի խոսքով՝ նոյեմբերի 10-ից ուսումնական գործընթացը կմեկնարկի նաև Արցախի պետական համալսարանի ուսանողների համար։ Շուշիի տեխնոլոգիական համալսարան և Ստեփանակերտի անվան համալսարան Մեսրոպ Մաշտոցն արդեն սկսել է օնլայն պարապմունքները։
Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում սանձազերծված պատերազմի արդյունքում ավելի քան 30 հազար արցախցի զրկվել է կրթության իրավունքից։
Ընդհանուր առմամբ, պատերազմի հետևանքով տուժել են 24 հազար դպրոցականներ, որոնց թվում են նախադպրոցական տարիքի շուրջ 4 հազար երեխաներ, իսկ մնացածը՝ քոլեջների, ուսումնարանների սաները և բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները:
Պատերազմի հետևանքով ավերվել է ավելի քան 70 դպրոց, ավելի քան 10 մանկապարտեզ և 10 մշակութային հաստատություն։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախի դեմ։
Հայկական կողմից այս պահի դրությամբ զոհվել է 1177 զինծառայող։ Քաղաքացիական անձանց շրջանում կա 53 զոհ ու 148 վիրավոր։
Մոսկվայում հոկտեմբերի 9-ին 11 ժամ տևած բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնության են եկել 2020 թվականի հոկտեմբերի 10-ին ժամը 12:00-ին մարդասիրական հրադադարի հաստատելու մասին:
Առաջին հրադադարի հաստատման ձախողված փորձից հետո Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջնորդությամբ վերահաստատված պայմանավորվածությունները նույնպես խախտվել են։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով ԼՂ դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները: Պատասխան նամակում Պուտինը գրել է, որ ՌԴ-ը ՀՀ-ին կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, եթե ռազմական գործողությունները տեղի ունենան անմիջականորեն ՀՀ տարածքում։