Մեղրիից ՀՀ դարպասն է բացվում։ Մեղրին շատ պաշտպանված պետք է լինի, որպեսզի վտանգները հեռացնենք։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլի» պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
«Ես եղել եմ Մեղրիի արտակարգ դրության պարետը, ես այն մարդն եմ, ով շատ ծանր է տարել Մեղրիի երկաթգծի լիկվիդացումը։ Այսօր մենք ունենք երեք ստորագրությամբ պարտադրանք, որ պատերազմը դադար ստանա: Անվտանգության գոտու պահպանության հարցով իր մասնակցությունն ունի ՌԴ-ն, որը պետք է իր կարողությունների սահմանում փոխարինի ՊԲ-ին՝ լուծելու խնդիրները: Նշեմ նաև, որ հիմա Մեղրիից ՀՀ դարպասն է բացվում, և դրա նկատմամբ պետք է լինենք զգայուն»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ Ապրելյան պատերազմից հետո բանակը պետք է բերվեր այն վիճակին, որ պատարստ լիներ լայնածավալ պատերազմի։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նաև կուտակված հարցեր ունի՝ ուղղված ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին։
«Ես շատ կուզեի հարցեր ուղղել պաշտպանության նախարարին։ Դավիթ Տոնոյանին պետք է մի պարզ հարց տամ՝ ՍՈՒ ինքնաթիռները ինչո՞ւ չթռան։ Պարոն Տոնոյանը 2016 թվականին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասում էր, որ անօդաչուները թանկ են, մենք նռնականետից կհարվածենք․ դա գիտե՞ք ինչ է։ Սա նշանակում է, որ այն այն ժամանակ Պաշպանության նախարարի առաջին տեղակալը վտանգներին չէր տիրապետում»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը։