Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ոստիկանությունում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել են ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ու ոստիկանության ղեկավար կազմը։
Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
«Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հրամանով` պատերազմին մասնակցած ոստիկանության 184 ծառայողներ անձնվիրաբար ծառայության համար խրախուսվեցին։
Ոստիկանները պարգևատրվեցին արտահերթ կոչումներով, «Իրավակարգի ամրապնդման համար», «Մարտական զորակցություն», «Օրենքի պատվար», «Ոստիկանության 100-ամյակ» մեդալներով, «Գերազանց ծառայության համար», «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» կրծքանշաններով և պատվոգրերով։
Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը շնորհակալություն հայտնելով պարգևատրվածներին՝ նշեց, որ պատերազմի ընթացքում նրանց հայրենանվեր ծառայությունը վերստին ցույց տվեց, որ երբ վտանգ է սպառնում հայրենիքին, ոստիկանը ազգի նվիրյալ զինվոր է»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00: 00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: