Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը դիմել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին՝ խնդրելով չանցնել ՀՀ ԶՈՒ-երի կողմից պահպանվող տարածքից դուրս՝ փայտ կտրելու, անասուններ արածեցնելու և այլ նպատակներով։
«Հայտնում ենք, որ Գորիս–Կապան ճանապարհը հսկում են ՀՀ զինված ուժերը, հայ և ռուս սահմանապահներն ու աշխարհազորայինները։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված ճանապարհին՝ ցուցանակների վրա, տեղադրված են սահմանապահ զորքերի հրամանատարության հեռախոսահամարները, որոնցով կարող եք զանգահարել՝ անհրաժեշտության դեպքում»,- գրել է մարզպետը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում հայ և ադրբեջանցի սահմանապահների կողմից, ռուս գործընկերների հետ համագործակցությամբ, իրականացվում են սահմանապահ վերակարգերի տեղակայման աշխատանքներ:
ՊՆ-ից էլ հայտնել են, որ համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում երթևեկության անխափանության նկատառումներով տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր։
Գորիս-Կապան ավտոճանապարհի 21կմ. երկարությամբ հատվածի անվտանգությունը, որն անցնում է վիճարկելի տարածքով, կապահովվի ռուս սահմանապահների միջոցով։
Շփման գծի մի կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանի սահմանապահ զորքերը՝ Ադրբեջանի կողմից: