Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողությունների ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի զինծառայողների կողմից զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների կատարման, ինչպես նաև քաղաքացիների կողմից զորահավաքային զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներում հարուցվել և քննվում է 1358 քրեական գործ։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել 425 անձի (այդ թվում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 3-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 362-րդ հոդվածի 3-րդ մասով և 364-րդ հոդվածի 3-րդ մասով): 117 զինծառայողի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
25 զինծառայողի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրանց հայտնաբերելու համար հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում մտցվել է ռազմական դրություն, հայտարարվել է մասնակի զորահավաք։