ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանը չորեքշաբթի հեռախոսով քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության իրականացումը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի մասին հայտարարության իրականացման հետ կապված հարցեր», – ասվում է հաղորդագրության մեջ:
Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ նախարարները քննարկել են նաև երկկողմ եւ միջազգային օրակարգի մի շարք արդիական թեմաներ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել են հայտարարություն, որում հայտարարվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Ադրբեջանն ու Հայաստանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։
Լեռնային Ղարաբաղի շփման գծի երկայնքով և Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետությանը կապող միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ: Կատարվում է ռազմագերիների, այլ պահվող անձանց և զոհվածների դիակների փոխանակում: Վերաբացվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԱԾ Սահմանապահ ծառայության մարմինները: