Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ադրբեջանում ԶՈՒ կառուցվածքում ընթացող փոփոխությունները։
Փորձագետը նշում է, որ Ադրբեջանը շարունակում է համալրել բանակը մարդկային ուժով։ «Պայմանագրայիններին առաջարկվում է ավելի պակաս աշխատավարձ, քան անցած տարվա հայտարարությամբ էր առաջարկվում, բայց քաղաքացիները շատ ավելի մեծ ցանկություն ունեն ծառայել բանակում, քան անցած տարի էր։ Սա խոսում է նրա մասին, որ Ադրբեջանում հասարակության շրջանում բարձրացրել են բանակի դերը, կարևորությունը և ավելի պատվաբեր լինելը»։
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, ադրբեջանական բանակը սկսել է հիմնովին անցում կատարել թուրքական բանակի մոդելին, որտեղ շեշտը դրված է հրամանատարական կազմի վրա և հիմնական կարևոր և բեկումնային գործառույթներն իրականացնում են հենց այն հրամանատարները, որոնք պատրաստվածություն են անցնում թուրքական բանակի մոդելով։
«Ադրբեջանը նաև զորքերի տեղակայման հարցում է փոփոխություն մտցրել։ Ուժեղ պաշտպանության տակ է վերցրել Արցախի հարավային այն հատվածները, որն անցել է իր վերահսկողության տակ։
Խոսվում է, որ ադրբեջանական բանակում պատրաստվում են նաև հիմնել կրտսեր հրամանատարների դպրոց, կամ մեր իմացած սերժանտների դպրոց, որտեղից կարող են բանակին տալ արդեն որակյալ ջոկի հրամանատարներ»,-նշել է Հովհաննիսյանը։
Նշենք, որ այս տարվա հուլիս-օգոստոս ամիսներին լայնածաված թուրք-ադրբեջանական զորավարժություններ անցկացվեցին, ինչին հետևեց Արցախում ադրբեջանական ռազմական ագրեսիան։