Հուլիսի 31-ին մարդու իրավունքների պաշտպանի և մի շարք հասարակական կազմակերպությունների համագործակցությամբ կազմակերպվել է առցանց քննարկում «Հավաքների ազատությունը նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19-ի) համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում»« թեմայով:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, որ որքան երկարում է արտակարգ դրությունը, այնքան մեծանում է պետության իրավական պարտավորությունն առավել հիմնավորելու մարդու իրավունքների սահմանափակումները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ չնայած հավաքների բացարձակ արգելքին՝ ոստիկանությունը պրակտիկայում մի շարք դեպքերում հավաքի մասնակիցներին հեռացնում է հավաքի վայրից, այլ դեպքերում՝ ոչ։
Քննարկման մասնակիցները կարևորել են նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման հարցում արդյունավետ գործողությունների իրականացումը, բայց նշել են, որ մյուս կողմից հավաքների ազատության սահմանափակումը չպետք է լինի բացարձակ։ Ավելին, պրակտիկան վկայում է, որ հավաքների ազատության բացարձակ արգելքի ապահովումն անիրագործելի և առաջացնում է չհիմնավորված տարբերակված իրավիճակներ՝ բարդություններ առաջացնելով թե՛ մարդկանց, թե՛ ոստիկանության համար:
Քննարկման մասնակիցների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջարկներն ամբողջացնել և ուղարկել պետական իրավասու մարմիններին: