«Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում, ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Պետրոսյանը հայտնել է նաև, որ գոյություն ունեն ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման։ «Եվ վերջապես՝ տասնամյակներով վարձակալության և կառուցապատման իրավունքով գործող շուրջ 1000 տնտեսվարող՝ որի գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի միջնաժամկետ կտրվածքով: Սա միայն ափամերձ հողերի մասով»,-հայտնել է նախարարը։
Ըստ Պերոսյանի՝ բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում՝ թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում, կառուցված ապօրինի շենք-շինությունների ընդհանուր քանակն այս պահին շուրջ 3.800 հատ է՝ բոլորը ենթակա ապամոնտաժման և քանդման։
«Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն:
Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել մեր բնաշխարհի անգնահատելի գոհարի՝ Սևանա լճի էկոհամակարգը»,-նշել է նախարարը։