Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մտադիր է դատի տալ «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությանը։ Այս մասին հայտնել է Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«ՀՀ ոստիկանության նախկին պետ, գեներալ գնդապետ Վլադիմիր Գասպարյանի անունից պատրաստվում եմ հայց ներկայացնել դատարան՝ կապված օտարերկրյա գործակալական ցանցի հիմնասյուն հանդիսացող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների գործողությունների հետ», – գրել է փաստաբանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքացու բնակարանի անձեռնմխելիության, անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիության սահմանադրական իրավունքները պետք է պաշտպանված լինեն:
Ռադիոկայանի տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 8-ին։ «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացրել է, որ Վլադիմիր Գասպարյանը խոչընդոտել է ռադիոկայանի լրագրողների աշխատանքին, որոնք ռեպորտաժ էին պատրաստում Սևանա լճի ափին գտնվող ապօրինի մասնավոր տների և այլ կառույցների մասին:
«Գասպարյանն ավտոմեքենան ուղղել է լրագրողների վրա՝ սպառնալով վրաերթի ենթարկել և ֆիզիկապես ոչնչացնել նրանց՝ «գնդակահարել», «սպանել», ինչպես նաև հայհոյելով պահանջել ցույց չտալ իր առանձնատունը։ «Այս պահի դրությամբ ոստիկանությունը չի կարողանում պարզել, թե ինչ է տեղի ունեցել: «Ազատություն» ռադիոկայանը ոստիկանության ուշադրությունն է հրավիրում նրա աշխատանքին խոչընդոտելու փաստի վրա», – ասված է ռադիոկայանի հաղորդագրության մեջ: