Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արթուր Մկրտչյանի, մերժեց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով ԱԱԾ-ում գտնվող ապացույցները տրամադրելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի գործով մեղադրող կողմը կարծում է, որ նա պետք է մնա կալանքի տակ։ Չորեքշաբթի օրը կայացած դատական նիստում դատախազ Գևորգ Սարգսյանը հայտարարեց, որ ազատության մեջ Խաչատրյանը կարող է օգտագործել իր ազդեցությունն ու կապերը վկաների վրա ճնշում գործադրելու համար, կարող է թաքնվել արդարադատությունից, ինչպես դա արեցին նրա երկու որդիները:
Մեղադրող դատախազը շեշտեց, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հիմնավոր է և այն փոփոխելու հիմքեր չկան։
Խաչատրյանի պաշտպանները փորձում են նրան ազատ արձակել՝ որպես հիմնական պատճառ բերելով նրա առողջական վիճակը։
Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ ԱԱԾ-ում գտնվող ապացույցները պաշտպաններին տրամադրելու մասին, սակայն երկու ժամ անց դատավոր Արթուր Մկրտչյանը վերադարձավ դատարանի դահլիճ և մերժեց միջնորդությունը։
Նրա խոսքով՝ մեղադրող կողմը պաշտպանության կողմին զրկել է գործի ամբողջ նյութերի հիման վրա պաշտպանությունը նախապատրաստելուց. «Նախաքննության ավարտին օրենքի կոպիտ խախտումներով պաշտպանության կողմին չի ներկայացվել իրեղեն ապացույց ճանաչված փաստաթղթերը, վիդեոֆայլերը»։
Փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ քննությունը գործի նյութերում չի ներառել փաստական տվյալներ, որոնք իրականում արդարացնում են Խաչատրյանին: Նրա խոսքով՝ գործի 120 հատորներից կամայականորեն առանձնացվել է 37 հատոր, որոնք պարունակում են մեղադրական դրույթներ։
Փաստաբանը ցանկանում է, որ դատարանը նրան հնարավորություն տա ծանոթանալ գործի բոլոր նյութերին։ Սակայն դատարանը մերժեց նաև այդ միջնորդությունը։
Նա նշեց նաև, որ գործով նյութերում թերությունները կան. «3 հատոր նյութ են նախապատրաստել, որոնցում ինչ-որ կցկտուր նյութեր են ներկայացվել։ Վերցրեք առաջին հատորը նայեք, տեսեք ինչ է կատարվում։ Բացատրության մի մասը կա, մյուս մասը չկա, նյութերի հիմնական մասը չկա։ Մենք ինչպե՞ս վիճարկենք օրինականության հարցը»։
Երեմ Սարգսյանն ասաց, եթե ինքը չկարողանա գործի նյութերին ծանոթանալ, ապա չի կարողանալու դատավարության ընթացքում հիմնավոր կասկած հերքել։
Նշենք, որ Գագիկ Խաչատրյանն իր գործով դատական նիստին ներկա չէ՝ առողջական խնդիրներից ելնելով։
Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։
Կարեն Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք):
Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (յուրացնելը կամ վատնելը` առանձնապես խոշոր չափերով), 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (կաշառք ստանալը), 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1ին-մասով (պաշտոնեական կեղծիք):