Գույքի վրա դրված կալանքը կշարունակի գործել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմը։
«Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված արգելանքը վերացնելու պաշտպանների միջնորդությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ դատական ակտի՝ կալանքը կշարունակի գործել Ռ․ Քոչարյանին պատկանող տան և 235 մլն դրամի նկատմամբ։
«Նշենք, որ տվյալ տունը Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է պետության կողմից՝ որպես պաշտոնաթող նախագահի, իսկ բանկային հաշվեհամարներին գումար է փոխանցվել ԲՖԿ «Սիստեմա»-ից, որտեղ Ռ․ Քոչարյանը զբաղեցնում է անկախ տնօրենի պաշտոնը, և այլ օրինական աղբյուրներից, ինչը հաստատող բոլոր փաստաթղթերը առկա են գործում»,- ասվում է հայտարարությունում։
Հիշեցնենք, որ դատարանը պահանջել էր արգելանքի տակ գտնվող գույքի և բանկային հաշիվների վերաբերյալ ամբողջական տեղեկություն տրամադրել։ Նախորդ նիստին պաշտպանները ներկայացրել են պահանջված տեղեկանքները, և դատարանը շարունակել է աշխատանքը դռնփակ ռեժիմով։