ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորի կողմից առերևույթ կատարված չարաշահումների դեպքերի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեն։
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արամ Սիմոնյանը, 2015թ. հանդիսանալով «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ռեկտոր, ունեցել է նշված համալսարանի ֆինանսական գործունեությունը ղեկավարելու և մինչև հիսուն միլիոն դրամի կամ դրան համարժեք այլ արտարժույթի չափով պայմանագրեր կնքելու իրավասություն: Վերջինս, վստահված ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, նախնական համաձայնության գալով պայմանագրային հիմքով ԵՊՀ մասնաշենքերում պահնորդական ծառայություններ մատուցող ՍՊ ընկերության տնօրենի հետ, 2015թ. հուլիսի 3-ին կնքված համաձայնագրի շրջանակներում մինչև 2019թ. դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում, առանց ծառայությունների մատուցման «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ֆինանսական միջոցներից վատնել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 34.362.581 ՀՀ դրամ գումար՝ բանկային եղանակով փոխանցելով վերոնշյալ ՍՊ ընկերության տնօրենին:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Հիշեցնենք, որ 2018-ի մայիսին «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության հովանու ներքո տեղի են ունեցել բողոքի ակցիաներ՝ պետական համալսարանի ռեկտորի հրաժարականի պահանջով, կազմակերպիչները բողոքի ակցիաներ ու պիկետներ էին կազմակերպել բուհի շենքի մոտ:
2019թ. հոկտեմբերին պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել ԵՊՀ-ում: ՊԵԿ նախագահ Դավիթ Սանասարյանը (այժմ՝ քննության ընթացքում) հայտարարել է ԲՈՒՀ-ում չարաշահումների մասին։ Մասնավորապես, Սանասարյանը հայտարարել է, որ ԵՊՀ հիմնադրամին պատճառվել է 800 մլն դրամի վնաս (մոտ 1,6 մլն դոլար):
Ավելի ուշ՝ 2019-ի փետրվարին, Արամ Սիմոնյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր վրա քաղաքական ճնշում է գործադրվում, և ստուգումների ժամանակ խախտումներ են եղել։
Մեկ տարի անց՝ 2019թ. մայիսին, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականից հետո, հոգաբարձուների խորհրդի նիստում ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց Գեղամ Գևորգյանը: