«Հրապարակ» օրաթերթ
- Թերթի փոխանցմամբ՝ իշխանության սրտի գործարար Խաչատուր Սուքիասյանին պատկանող araratnews.am-ը շուտով առցանց թիվի կդառնա։ Թիմը նախապատրաստական աշխատանքներ է տանում, վերջերս էլ համանուն մամուլի ակումբ բացվեց։ «Այնպես որ, շուտով այս իշխանություններն էլ որևէ հիմք չեն ունենա դժգոհելու, որ, ի տարբերություն նախկինների, իրենք չեն տիրապետում մեդիառեսուրսների, քանի որ իշխանության երկուսուկես տարիների ընթացքում, կարելի է ասել, արդեն մոտ մեկ տասնյակի հասնող լրատվամիջոցներ ունեն, որոնց մի մասը՝ նորաբաց։ Պարզապես թիվի պահելը, ամենակոպիտ հաշվարկներով, նշանակում է ամսական 50-60 հազար դոլարի ծախս։ Ամեն մեկը չի կարող նման ծախսերի տակ մտնել՝ հանուն իշխանությունների փիառի»,-գրում է թերթը։
- Երեկ համացանցում մի տեսանյութ էր շրջանառվում․ վարչապետի որդու՝ Աշոտ Փաշինյանի պարը՝ տարօրինակ, կասկածելի միջավայրում։ Տեսանյութն իր պատին, ապա կայքում տեղադրել էր Antifake.am կայքի հիմնադիր, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը։ Լուրեր ստացանք, որ մեծ ճնշումներ են գործադրվել Սամսոնյանի նկատմամբ՝ տեսանյութը հանելու պահանջով, անգամ գողական շրջանակներ են միջամտել։ Թերթի հետ զրույցում նա ասել է. «Թող հանրությունը գնահատական տա մարդկանց անձնական կյանքի, ընտանիքների մասին հրապարակային ու առանց ամոթի խոսող վարչապետի ընտանիքի մասին»։ Նարեկ Սամսոնյանը հավելեց, որ չի հեռացնելու նյութը։ «Մենք կառավարությանը հարցում ենք ուղարկել, խնդրել ենք պարզաբանել, ի վերջո, վարչապետի ընտանիքին է վերաբերում՝ կարող ա՞ ինքը չի, իրա հոգին ա։ Մինչև այդ պատասխանը չունենամ, տեսանյութը հանելու մտադրություն չունեմ»,- ասաց Սամսոնյանը։
- Պարզվում է՝ նախկինների թեման ակտուալ է ոչ միայն Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլև արտաքին հարաբերություններում։ Թերթին պատմել են, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ ուշագրավ զրույց է ծավալվել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և Ռուսաստանի դեսպանի միջև։ Մասնավորապես, երբ դեսպանը նկատել է՝ ձեր երկրում անասելի շատ քրեական գործեր են հարուցվում, որոնք ոչ մի հանգրվանի չեն հասնում, 2 տարում չկա ոչ մի կայացված դատական ակտ, զբաղված եք նախկիններին հետապնդելով, Ալեն Սիմոնյանը խոսքի տակ չի մնացել և հակադարձել է՝ իսկ ինչպե՞ս է պատահում, որ բոլոր «հետախուզվող» նախկիններն ապաստանում են Ռուսաստանում։ Դեսպանը միայն մի բառ է ասել՝ «ռա՞զվե»։ Թերթին ասել են, որ Ալեն Սիմոնյանն այն եզակի պաշտոնյաներից է, ում հետ ռուսները և մասնավորապես՝ դեսպանատունը, քիչ թե շատ հարաբերվում են, մինչդեռ, օրինակ, նույն խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ըստ մամուլի տեղեկությունների, դեսպանատուն մուտք չունի՝ իր հակառուսական ագիտացիայի հետևանքով։
«Ժողովուրդ» օրաթերթ
- Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի մասին: Թերթի տեղեկություններով՝ այժմ էլ Սահմանադրական դատարանի նախկին նախագահ, ներկայումս շարքային անդամ Հրայր Թովմասյանն է կրկնում Վահե Գրիգորյանի քայլերը և դատարան աշխատանքի չի գալիս, չնայած նրա արձակուրդի ժամկետը վաղուց ավարտվել է: Հիշեցնենք, որ հունիսի 25-ից Հրայր Թովմասյանը՝ 35, իսկ Արևիկ Պետրոսյանը 51 աշխատանքային օրով մեկնել էին արձակուրդի, ինչից հետո Սահմանադրական դատարանում նիստեր տեղի չեն ունենում՝ քվորում չլինելու պատճառով։ Եվ, ահա, դրանից հետո Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Խաչատրյանը որոշել էր հետ կանչել արձակուրդում գտնվող դատավորներին։ Սահմանադրական դատարանի աշխատակարգի համաձայն՝ ՍԴ նախագահը, ելնելով Սահմանադրական դատարանի բնականոն գործունեությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է Սահմանադրական դատարանի դատավորին արձակուրդից հետ կանչել: Եվ չնայած օգոստոսի 10-ին Սահմանադրական դատարանի դատավորներ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանը վերադարձել էին արձակուրդից, սակայն Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում:
- Թերթի փոխանցմամբ՝ առաջիկայում Հայաստանում նոր թանկացումներ կլինեն և արդեն կան: Օրինակ՝ տավարի միսը շուրջ 4 հազար դրամ արժե (անցյալ տարի 3200 դրամ արժեր): Խոզի մսի գինը չի փոխվել՝ ի տարբերություն գառան մսի, որը թանկացել է 500 դրամով (մոտ 20 տոկոս): Օրաթերթը տեղեկացավ, որ, ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի կարտոֆիլ չի ներկրվի, սակայն կարտահանվի: Այսօր կարտոֆիլ վաճառվում է մեկ կիլոգրամը 80 դրամով, բայց գները մի փոքր կբարձրանան (հավանաբար մինչև 100 դրամ), քանի որ շուրջ 1500 տոննա կարտահանվի Իրան և Վրաստան: Կաթի գները կարող են բարձրանալ մինչև 150 դրամ: Իսկ թռչնամիսը շարունակում է ներմուծվել, ինչի շնորհիվ հնարավոր է դառնում պահպանել գները, և դրանք նույնը կմնան մինչև տարեվերջ:
«Ժամանակ» օրաթերթ
- Թերթի փոխանցմամբ՝ չորեքշաբթի տեղի են ունենալու ՍԴ նախագահի և նրա տեղակալի ընտրությունները: Առաջին անգամ է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամները իրենց կազմից պետք է նախագահ և տեղակալ ընտրեն:
- Ֆիրդուսի փողոցի կամ 33 թաղամասի կառուցապատման համար պայքարը շարունակվում է: Թերթի տեղեկություններով՝ այդ տարածքի նկատմամբ հավակնություններ ունի նաև հայտնի զինավաճառ, «Դի Ջի Արմս Քորփորեյշն» ընկերության սեփականատեր Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթը: Վերջինս իշխանության հովանավորությամբ պատրաստվում է այդ տարածքի կառուցապատման մեջ մեծ ներդրում իրականացնել, և թերևս այս ծրագրի մասին էր ակնարկում վարչապետ Փաշինյանը, երբ խոսում էր խոշորածավալ ներդրումային ծրագրի մասին, որը պետք է աշխուժացնի տնտեսությունը:
- Թերթի տեղեկություններով՝ «Իմ քայլը» խմբակցությունը կարող են լքել նաև պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Գայանե Աբրահամյանը և Լիլիթ Ստեփանյանը: Սոֆյա Հովսեփյանը վաղուց է իշխանության ընդհանուր քաղաքական գծից տարբեր դիրքորոշումներ արտահայտում, շատ հաճախ՝ հակադիր, իսկ Լիլիթ Ստեփանյանը միայն վերջերս է հրապարակայնորեն անհամաձայնություն հայտնում վարվող մշակութային և կրթական քաղաքականության հետ: