Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի անունից այսօր գլխավոր դատախաղ Արթուր Դավթյանին ուղարկվել է գրություն, որը վերաբերվում է «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ի կողմից Մղարթի ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում վերհանված մի շարք խախտումներին։ Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Մասնավորաբար, ըստ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից տրամադրված տեղեկությունների, «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊ ընկերությունը 2011 թվականից ի վեր հանքը շահագործել է առանց ջրօգտագործման թույլտվության, հանքավայրի տարածքում առկա շինությունները կառուցվել են առանց շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացության, խախտվել են սահմանային թույլատրելի արտանետումների պահանջները:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգման արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը հանքարդյունահանման համալիրը շահագործել է օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ, այն է՝ Ընկերությունը Մղարթի ոսկու հանքավայրի հանքարդյունաբերական համալիրը շահագործել է՝ չունենալով հարստացուցիչ ֆաբրիկայի և պոչամբարի համար շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացություն:
Շրջակա միջավայրի նախարարությունն ընդգծում է՝ հաշվի առնելով, որ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում ընդերքօգտագործողների զգուշացման, ինչպես նաև ընդերքօգտագործման դադարեցման և կասեցման լիազորությունը վերապահված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, համապատասխան գրությունը՝ կից փաստաթղթերով, ուղարկվել է նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին։
Ուղարկված գրությամբ՝ շրջակա միջավայրի նախարարը գլխավոր դատախազին առաջարկել է հանձնարարել համապատասխան մարմիններին ուսումնասիրել նշված փաստական հանգամանքները և համապատասխան փաստաթղթերը, օրենսդրությամբ սահմանված կարգով տալ համապատասխան ընթացք։