Եթե Արթուր Գևորգյանի կալանավորման վերաբերյալ լուրեր տարածողի մասին Դատալեքսում առկա տեղեկատվությունը կարդաք՝ Գևորգյանի կալանավորման մասին հարցեր այլևս չեն առաջանա։ Այս մասին Armenia Today կայքի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանի փաստաբան Հրանտ Անանյանն՝ անդրադառնալով Դոգ մականունով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տարածված տեղեկատվությանը, որ Արթուր Գևորգյանը կալանավորվել է FBI-ի կողմից։
«Եթե նեղսրտած ու վարկաբեկված անձնավորություն վիրավորանքներ ու սուտ տեղեկություններ է տարածում, ապա այդ տեղեկությունն արդեն կասկած չի՞ հարուցում։ Ոչ, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը»։
Անդրադառնալով քրեական գործին՝ փաստաբանն ասաց, որ այդ գործի հանգուցալուծումն անիմաստ ձգձգվում է, ինչը չի կարող ի վնաս Արթուր Գևորգյանի լինել։
«Հայաստանից քննչական պահանջ են ուղարկել ԱՄՆ ու հիմա սպասում են. դեռ ամիսներ կսպասեն՝ մինչև քննչական պահանջի պատասխանը գա։ Մենք փաստաթղթային հիմքեր ենք ներկայացրել, որ մեղադրանքն ամբողջությամբ սխալ է, իրենք էլ քանի որ չեն ուզում շտապել՝ ձգձգման միջոց են գտել, որպես կանոն՝ ԱՄՆ-ից քննչական պահանջի պատասխանը գալիս է 1 տարուց ոչ շուտ»,- ասաց նա։
Հարցին, թե Գևորգյանը դեռ հետախուզման մեջ է՝ նա պատասխանեց, որ դեռ հետախուզման մեջ է. իրավապահներին հետաքրքրում է ոչ թե գործի ելքը, այլ բուն պրոցեսը։ «Այսինքն, գիտեն, որ գործի ելքը տապալված է, բայց պրոցեսը հետաքրքիր է, ուշագրավ է, պոպուլիստական է ու դրա համար էլ ձգձգում են, չեն ուզում շուտ կարճել, ասում են՝ կարճել միշտ կհասցնենք, այսինքն՝ կարևորը մասնակցությունն է, ոչ թե գործի ելքը։ Իրենց համար արդյունքը հարկադրանքի միջոցներ կիրառելու ցանկությունն է, որովհետև եթե կա քրեական գործ, ապա սկսվում է խափանման միջոցի ընտրությունը, գույքի վրա կալանք դնելու պրոցեսը. հետո ինչ, որ չեն հասնի մեղավորության դատավճռի»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք՝ Արթուր Գեւորգյանն ընտանիքի հետ երկար ժամանակ բնակվում է ԱՄՆ-ում ։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին պատգամավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314.3 – րդ հոդվածի 2-րդ մասով և 310-րդ հոդվածի 1-ին մասով, նա հայտարարվել է հետախուզում ՝ պաշտոնեական կեղծիք և ապօրինի հարստացում: Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ չի հայտարարագրել իրեն պատկանող ԱՄՆ-ում ձեռք բերված անշարժ գույքի գույքը, ինչպես նաև թաքցրել է այն փաստը , որ հանդիսանում է մեկ ընկերության 100% բաժնեմասի սեփականատերը:
Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։