«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ավելի վաղ ՀՔԾ-ի տարածած պարզաբանմանը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա հրապարակման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ ՀՔԾ-ն այսօր «Փաստ» օրաթերթի` «Դատարանը բավարարեց Ղազինյանի բողոքը. Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կհարուցվի քրեական գործ` պաշտոնեական կեղծիքով» վերտառությամբ այսօրվա հրապարկման առնչությամբ պարզաբանել է, որ դատարանի կողմից վարույթն իրականացնող մարմնին ընդամենը պարտավորեցվել է նախապատրաստել նյութեր` քրեական գործ հարուցելու հարցը քննարկելու համար: Այսինքն` դատարանի որոշումը վերաբերում է դիմումը քննարկելու ընթացակարգին, և նշված որոշումը Ա. Ղազինյանի հայտարարության կապակցությամբ քրեական գործ հարուցելու հիմք չէ:
«Հարգելի Հատուկ քննչական ծառայություն, խնդրում եմ լրագրողներին մի մեղադրեք տեղեկատվության տրամադրման ընթացքում թույլ տրված մասնակի շեղման համար:
Ավելի ճիշտ կլինի ձեր քննիչներին սովորեցնեք, որ հանցագործության մասին ներկայացված հաղորդմանը անհասկանալի ծագման գրությամբ չեն պատասխանում, այլ կայացնում են ՀՀ քր. դատ. օրենսգրքի պահանջներին համապատասխան որոշում՝ քրեական գործ հարուցելու, հարուցումը մերժելու կամ ըստ ենթակայության ուղարկելու մասին:
Իսկ պաշտոնեական կեղծիքի հիմքով քրեական գործ հարուցվելու է, որքան էլ որ դուք դիմադրեք և այդ ընթացքում ցուցաբերեք անգործություն կամ կայացնեք անհիմն որոշումներ»,- գրել է Ղազինյանը։