Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, քննվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Քիչ առաջ դատարան ժամանեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Դատարանի առջև են հավաքված նրա աջակիցները։
Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ բարձր տրամադրությամբ է եկել դատարան․ «Ծառուկյանին ի՞նչ է եղել, որ տրամադրությունը լավ չլինի»,- ասաց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հնարավոր է՝ կալանավորվի, նա պատասխանեց․ «Եթե մարդը խոսում է իր երկրի համար, իր ժողովրդի համար։ Այսօր սոցիալական, տնտեսական վիճակն այնպիսի ծանր է, որ երբեք չի եղել։ Ես հունիսի 5-ից ասել եմ, որ այս վիճակից պետք է դուրս գալ։ Ժողովրդի վիճակը շատ ծանր է։ Այսօր տեսնում եք, որ աշխարհում մի պետություն չկա, որ աջակցի Հայաստանին։ Հունիսի 5-ից վիճակը գնալով ավելի է վատանում»,- ասաց Ծառուկյանը և նշեց, որ դատական նիստի ընթացքը ցույց կտա՝ կկալանավորվի, թե՝ ոչ։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ ԱԱԾ քննիչի միջնորդության քննությունը հետաձգվել էր, քանի որ պաշտպանները նիստին չէին ներկայացել։
Ըստ պաշտպանների՝ քպաշտպանական կողմը չի ներկայացել նիստին։
Հիշեցնենք, որ հունիսի 21-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ միջնորդությունը մերժվեց։ Այս որոշումը վերաքննիչը էին բողոքարկել երկու կողմերն էլ․ դատախազությունը պահանջել էր բեկանել առաջին անտյանի դատարանի որոշումը և կալանավորել Ծառուկյանին, իսկ փաստաբաններն էլ մի քանի բողոք են ներկայացրել, որոնցից մեկն էլ այն էր, թե գործը պետք է ՀՔԾ-ում քննվեր։ Նշենք, որ վերաքննիչը մերժել էր փաստաբանների բողքը, իսկ դատախազության բողոքն էլ մասնակի բավարարել՝ բեկանելով առաջին ատյանի որոշումը և ուղարկել նոր քննության։
Հիշեցնենք նաև, որ իսկ հունիսի 16-ին Ազգային ժողովը փակ, գաղտնի քվեարկություններով, համաձայնություն էր տվել ԲՀԿ առաջնորդի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն և ազատությունից զրկելուն: Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) միջնորդություն էր ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարան ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ։