Էդմոն Մարուքյանը Գագիկ Ծառուկյանի կալանքի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին։ Այս մասին տեղեկանում ենք ԼՀԿ ղեկավարի ֆեյսբուքի էջից։
ԱԺ պատգամավորը մեկ շաբաթ առաջ դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ Ադրբեջանի հետ։
Նրա խոսքով՝ խորհրդարանական բոլոր ուժերը մի կողմ են դրել ներքին տարաձայնություններն ու հայտնել միասնական կամք՝ պայքարելու արտաքին թշնամու դեմ և ամուր պահելու մեր պետության թիկունքը: Հաշվի առնելով իրադրության կտրուկ փոփոխությունները՝ Էդմոն Մարուքյանն առաջարկել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ՝ հնարավորություն տալով խորհրդարանական բոլոր ուժերին այս փուլում գործել լիարժեք և ծառայել մեր բոլորի հայրենիքի պաշտպանությանը։
Թեև Մարուքյանը դեռ պատասխան չի ստացել դատախազությունից, բայց հույս ունի, որ առաջարկը չի մերժվի։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։