ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, մերժեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի պաշտպանների՝ կալանքի որոշման դեմ բերած բողոքը։ Գագիկ Ծառուկյանը մնաց կալանքի տակ։
«Քննիչները, դատախազները գիտեին, որ չեն կարողանա, այսպես ասած, «սղցնել» իրենց անօրինական որոշումները, բայց այսօր վերաքննիչ դատարանն անզոր գտնվեց։ Սա, իհարկե, դատարանի որոշումը չէր։ Սա խայտառակ որոշում է։ Սա գծագրած մեխանիզմ է։ Բողոք կներկայացնենք վճռաբեկ, որը սակայն սպառված դատարան է։ Մի օր կբացահայտվեն այս բոլոր հանցավոր երևույթները»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին։ Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։
Հիշեցնենք նաև, որ 13 կուսակցություններ առաջարկել էին վերանայել Ծառուկյանի կալանավորման մասին որոշումը։
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը նույնպես գրությամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը՝ ելնելով նրանից, որ Ադրբեջանի հետ գտնվում ենք ինտենսիվ պատերազմական գործողությունների մեջ։