2020 թվականի նոյեմբերի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Սամվել Առաքելյանը նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից։
Հավելենք, որ 2006 թվականի ապրիլ ամսից Սամվել Առաքելյանը աշխատել է Սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես առաջատար, իսկ 2007-ից՝ գլխավոր մասնագետ։ 2016 թվականի հոկտեմբերին նշանակվել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական վարչություն պետի պաշտոնում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴ աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատվել էր Էդգար Ղազարյանը։ Նա Facebook-ում գրել էր, որ հակասահմանադրական և հակաօրինական գործընթացների հետևանքով Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոն զբաղեցնողն իրեն ազատել է աշխատանքից։