Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են բարոնուհու HART բարեգործական կազմակերպության փոխտնօրենը և երկու լրագրող։ Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ-ը։
Պաշտպանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի և Արցախի խաղաղ բնակիչների նկատմամբ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ փաստերը, որոնք հիմնված են Հայաստանի ու Արցախի Մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքների վրա։
Արման Թաթոյանը մանրամասն ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում քաղաքացիական անձանց սպանությունների ու վիրավորումներ պատճառելու մանրամասները, գյուղերին պատճառված նյութական վնասները։
Պատվիրակությանը ներկայացվել է ադրբեջանական կողմի դաժանությունները կոնկրետ ապացույցներով, այդ թվում՝ Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու հետևանքները, որի վերաբերյալ Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց։