ՀՀ վարչապետի հայտարարությունը, թե Մարդու իրավունքների պաշտպանը չի դատապարտել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Երևանում տեղի ունեցած իրադարձությունները, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:
Նա գրել է, որ մարդու իրավունքների պաշտպանի դատապարտող հայտարարությունը տարածվել է հենց այդ գիշեր, երբ դեռ իրադարձությունները չէին ավարտվել՝ առաջնային հրամայական համարելով իրար նկատմամբ բռնության որևէ դեպքի, անգամ բռնության որևէ կոչի կամ հնարավորության բացառումը։ Իրականացվել է իրադարձությունների անհապաղ դիտարկում՝ ապահովելով կապ իրավապահ մարմինների հետ:
«Մարդու իրավունքների պաշտպանի այդ հայտարարությամբ առանձին անդրադարձ է կատարվել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նկատմամբ գործադրված բռնությանը՝ որակելով այն անընդունելի ու դատապարտելի արարք ու որ առավել ևս դա, ըստ այդ պահի տվյալների, տեղի էր ունեցել երեխայի ներկայությամբ։ Ավելին, դրանից անմիջապես հետո խոսել եմ առողջապահական համապատասխան մարմինների հետ՝ կապված պարոն Միրզոյանի առողջական վիճակի հետ: ՀՀ խորհրդարանի ղեկավարին ևս մեկ անգամ մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- գրել է Արման Թաթոյանը:
Նա ընդգծել է, որ Մարդու իրավունքների պաշտպանն օժտված չէ մասնավոր անձանց, կոնկրետ քաղաքացիների պատասխանատվության ենթարկելու, կոնկրետ մարդկանց նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու իրավասությամբ:
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած ցավալի իրադարձությունները կանխելու, դրանք հետագայում բացառելու ու մեղավորներին պատասխանատվության ենթարկելը երաշխավորելու ուղիղ պարտավորություն ունեն պետական իրավասու մարմինները:
Ըստ Արման Թաթոյանի՝ պատճառաբանությունը, թե իրավապահ մարմինների բավարար քանակի ծառայողներ Երևանում այդ պահին առկա չեն եղել՝ տեղի ունեցածը կանխելու համար, քանի որ գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Պետությունը պարտավոր է կանխատեսել երկրի ներսում ու այն էլ ռազմական դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության երաշխավորման համար իրավապահ մարմինների անհրաժեշտ քանակությամբ ու մասնագիտացմամբ ծառայողների առկայություն երկրում:
Հիշեցնենք, որ այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Երևանում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների մասին, նշել է, որ քաղաքական ուժերը, նույնիսկ ՄԻՊ-ը այդ հարձակումները չի դատապարտել: